Քրիստոնեություն․ քրիստոնեության ընդումնումը Հայաստանում

Հրեության ծոցից ծնվեց քրիստոնեությունը, Պաղեստինի մի անկյունում: Պաղեստինի գավառական խուլ անկյուններից մեկում, այն է, Գալիլիայի Նազովրի փոքրիկ քաղաքում, ծնվեց մի մանուկ, մեկը մարդկային հանճարներից: Նա հյուսն Հովսեփի և նրա կին Մարիամի որդին էր, ստացավ հրեական շրջաններում շատ սովորական Հիսուս անունը, սովորեց իր հոր արհեստը և դաստիարակվեց այնպես, ինչպես կարող էր դաստիարակվել նրա դասակարգի ամեն մի մարդ: Հիսուսը՝ իբրև ժողովրդի զավակ, հավատում էր հրաշքներին, մի հավատ, որ հատուկ էր ամբողջ հին աշխարհին:
293-297 թթ. լայնորեն ծավալվում է այն շարժումը, որը 301 թ. հանգեցրեց քրիստոնեության ճանաչմանը իբրև Մեծ Հայքի թագավորության պետական կրոնի: Տրդատ Գ-ի հակազրադաշտական քաղաքականությունը Հայաստանի երկու մասերում հավասարազոր էր հակապարսկական(հակասասանյան) քաղաքականության: Սասանյանների կողմից հովանավորվող զրադաշտականությունը Հայաստանում դիտվում էր որպես հայերի ստրկացման և պարսիկների հետ նրանց միաձուլման գաղափարի կրող: Ստեղծված պայմաններում քրիստոնեության նպատակն էր Հայաստանի քաղաքական, գաղափարական և մշակութային ինքնության և ինքնուրույնության պահպանումը:
Հայաստանում վերստին հաստատված Արշակունյաց դինաստիան, որն ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու քաղաքականություն էր սկսել, միապետական իշխանության գաղափարական հիմնավորման խիստ կարիք ուներ: Հենց այդպիսի գաղափարախոսություն էր քրիստոնությունը, որը թագավորի իշխանությունը հռչակեց սրբազան, աստծո ողորմածությամբ տրված, իսկ թագավորներին՝ աստծո օծյալներ:
III դ. Վերջերին քրիստոնեությունն արդեն բավական ավարտված սինկրետիկ կրոնական աշխարհայացք էր, որի մեջ ներծծված էին անտիկ աշխարհայեցողության շատ տարրեր:
Հրով ու սիրով ոչնչացվեցին նախաքրիստոնեական պաշտամունքի անհնազանդ ներկայացուցիչները, նրանց ողջ ունեցվածքը դարձավ հողատերերի նոր խավի՝ հոգևոր տերերի սեփականությունը:
Անտիկ աշխարհի մայրամուտին քրիստոնեությունը մի կրոնական սիստեմ էր, որը I-II դդ. բավական տարածվել էր: Ֆ. Էնգելսը քրիստոնեության վաղ ժամանակաշրջանի մասին գրել է, որ «ծագման իր առաջին շրջանում այն ճնշված դասակարգերի կրոնն էր՝ ստրուկների, ստրկությունից ազատվածների, աղքատների, իրավազուրկների և կամ նվաճված ու ճնշված ժողովուրդների»:
III դ. վերջերին և IV դ. սկզբներին քրիստոնեական կրոնը գերիշխող էր դարձել Հռոմեական կայսրության արևելյան մասերում: Նույն վիճակն էր Մեծ Հայքում, որտեղ քրիստոնեությունը սկսել էր մուտք գործել դեռևս IIդ. վերջերից՝ Ասորիքից Կապադովկիայի և Փոքր Հայքի կողմերից եկող քարոզիչների ջանքերով: Ինչպես հայտնի է, քրիստոնեությունն առաջին անգամ իշխող դինաստիայի կրոն դարձավ Եդեսիայում, որի թագավոր Աբգար Թ-ն քրիստոնեություն էր ընդունել: Քրիստոնեությունը Հայաստանում հաստատվել է պետական կրոն նույն պայմաններում, ինչ որ զրադաշտականը Իրանում: Այս շարժման հիմքում ընկած էր կենտրոնական իշխանության ամրապնդման գաղափարը: Տրդատ Գ-ն գլխավորում էր նոր կրոնի՝ քրիստոնեության վարդապետության հաղթանակը, քանի որ այն կոչվում էր ամրապնդելու Մեծ Հայքի նորոգվող թագավորության կենտրոնացված պետությունը: Հայկական ավանդական ֆեոդալական պատմագրությունը Հայաստանում քրիստոնեական կրոնի արմատավորող և հայ եկեղեցու հիմնադիր է համարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից հետո Գրիգոր Լուսավորչին: Քրիստոնեության մյուս հոսանքը, ինչպես նշվեց, Հայաստան էր թափանցում Կապադովկիայից:
Ձևավորվող Հայոց եկեղեցու պետը՝ կաթողիկոսը, պետք է ձեռնադրվեր Կապադովկիայի Կեսարիայում նստող մետրապոլիտի կողմից: Եվ Գրիգոր Լուսավորիչն առաջինն էր, որ 301թ. գնաց Կեսարիա, որտեղ նստող մետրապոլիտը ձեռնադրեց նրան Մեծ Հայքի արքեպիսկոպոս: Հայերի դարձի ավանդական պատմությունը հաղորդում է, որ թագավորական ողջ ընտանիքը մկրտվում է Եփրատ-Արածանիի ակունքների մոտ՝ Բագավան վայրում, Նպատ սրբազան լեռան ստորոտում, Գրիգոր Լուսավորչի կողմից: Տրդատ Գ թագավորը ստանում է մկրտության անունը՝ «Յովհաննէս»: Ի նշանավորումն այս դեպքի հիմնվում է թագավորի անվանական՝ «սուրբ Յովհաննէս» բազիլիկ տաճարը Բագավանում, որը մինչև այսօր գոյություն ունի: Ի նշանավորումն այս մեծ իրադարձության, երկրի մայրաքաղաք Վաղարշապատում մոտ 303թ., դրվում է Էջմիածնի տաճարի հիմքը, որը պիտի նշանավորեր Հայոց եկեղեցու առաքելական լինելը: Քրիստոնեությունը սկզբնական շրջանում առանձին ժողովրդականություն չէր վայելում և ազնվականության մի մասը ժողովրդական զանգվածների հետ միասին պայքարում էր հանուն իր նախնիների հավատքի:
Քրիստոնեության տարածումը Հայաստանում ուղեկցվում էր հեթանոսական տաճարների ստեղծած հողատիրության ոչնչացմամբ: Քրիստոնեական սրբավայրերը ստեղծվում էին հեթանոսական տաճարների տեղում, որոնց հողերն անցնում են եկեղեցուն:
Տրդատ Գ Մեծի ժամանակվանից արդեն քրիստոնեական եկեղեցին դառնում է Հայաստանի ու Հռոմեական կայսրության քաղաքական մերձեցման կարևորագույն օղակներից մեկը, չնայած որ Դիոկղետիանոսի կողմից 303թ. Սկսկվում են հալածանքներ քրիստոնյաների դեմ և շարունակվում են նաև նրանից հետո: Քրիստոնեություն ընդունելուց հետո Մեծ Հայքի արտաքին քաղաքականության ղեկավար դերում հանդես էր գալիս ոչ միայն Հայոց արքան, այլև՝ հայ եկեղեցու առաջնորդը:
Քրիստոնեության նախնական շրջանում Հայաստանի և հարևան երկրների բնակչության զգալի մասը դեռևս հեթանոս էր, այդ իսկ պատճառով հատուկ դեր էին կատարում քարոզիչները՝ քորեպիսկոպոսները, որոնք գնում էին այդ երկրների առավել հետամնաց շրջանները՝ կրոնական նոր ուսմունքը տարածելու:

Զրույցներն ասում են, թե Հիսուսի համբարձումից հետո նրա աշակերտներից երկուսը՝ Թադեոս և Բարդուղիմեոս, նրա հատուկ հանձնարարությամբ եկան Հայաստան և քարոզեցին քրիստոնեություն, հաստատեցին անկախ կաթողիկոսական աթոռ: Եվ այսպիսով դուրս է գալիս, որ Հայոց թագավորը առաջինն է եղել Քրիստոսին հավատացող թագավորներից, իսկ հայերը անդրանիկ քրիստոնյա ժողովուրդն են աշխարհի վրա:
Հայաստանը քրիստոնեության հետ շփվել կարող էր կամ իր հարավից, ուր Միջագետքն է, Սիրիայի հարևանը, կամ թե արևմուտքից, ուր Կապադովկիան է: Առաջին ուղղությունն ավելի հարմար էր: Միջագետքում էր գտնվում Մծբինը, որը մի ժամանակ նույնիսկ հայոց մայրաքաղաք էլ դարձավ: Եդեսիա-Մծբին ուղղությամբ էլ քրիստոնեությունը մոտեցավ Հայկական Տավրոսին, տարածվեց նրա շրջանում և անցավ նրա հյուսիսային կողմը, Մուշի դաշտը, Վանի լճի հարավային ափերը: Տրդատի մասին հաղորդվում են մի շարք տեղեկություններ, որոնք հավանական են դարձնում, թե նա իր թագավորության սկզբից աշխատում էր վերանորոգում մտցնել հայ ժողովրդի ներքին կյանքի մեջ, ամրացնել ազգային գիտակցությունը և այդպիսով թումբ կանգնեցնել պարսկական ազդեցության դեմ, որ Սասանյանների համար մի հզոր զենք էր՝ հայ ժողովրդի քաղաքական անկախությունը հարվածելու և կազմալուծելու համար: Այս ներքին վերանորոգությունը Տրդատը կարծում էր իրականացնել ազգային հին կրոնի միջոցով: Բայց պահպանել հնությունն այլևս անկարելի եղավ, քանի որ քրիստոնեության արշավանքները նրա դեմ ավելի և ավելի ուժեղանում էին: Բացի դրանից, անշուշտ, հայ քրմական դասակարգն էլ ավելի դեպի պարսկական ազդեցության կողմն էր հակված, հավատարիմ մնալով հին ավանդություններին: Այս հանգամանքները պիտի բերեին Տրդատին այն համոզման, թե քրիստոնեությունն էր կարող ավելի ուժեղ պատվար դառնալ պարսկականության դեմ և իրականացնել հայ ժողովրդի կուլտուրական ինքնամփոփ մեկուսացումը: Այսպիսի մի տրամադրությունից գեղեցիկ կերպով կարողացավ օգուտ քաղել այնպիսի մի ընդունակ և եռանդուն քարոզիչ, ինչպիսին էր Գրիգոր Լուսավորիչը: Գրիգորը կարողացավ նոր վարդապետության համար հաջող հող պատրաստել ամենից առաջ հայոց արքունիքում: Զուր չէ, որ հայ վկայաբանությունը սիրով ու մեծարանքով պահել է Տրդատի կնոջ՝ Աշխենի և քրոջ՝ Խոսրովիդուխտի անունները: Եթե այդ երկուսի հետ նկատի առնենք Հռիփսիմեի, Գայանեի և նրանց 30 ընկերուհիների վկայաբանությունը, կտեսնենք մի ամբողջ շարժում կանանց մեջ: Կանանց միջոցով էր Գրիգորը ներգործում Տրդատի վրա, մինչ որ կարողացավ քրիստոնյա դարձնել նրան: Օտար մատենագիրներից միայն Սոզոմենն է, որ հիշատակում է Տրդատի քրիստոնեանալը: «Ասում են, գրում է նա, թե Տրդատը, այս ազգի գլուխը, մի արտակարգ հրաշքի պատճառով, որ տեղի ունեցավ նրա տան մեջ, քրիստոնյա դարձավ»:
Սա առաջին նվաճողական քայլն էր, որ քրիստոնեությունն անում էր Հայաստանում, մի քայլ, որ նրա ձեռքն էր տալիս պետական ուժը և այսպիսով բոլորովին հեշտացնում նրա վերջնական հաղթանակը: Այս առաջին քայլին հետևում է երկրորդը- բացարձակ, անխնա պատերազմ հայ հեթանոսության դեմ: Իր տրամադրության տակ առնելով հայ զորքերի գերագույն հրամանատարություն՝ Գրիգորը հաջորդական արշավանքներ տարավ հայ մեհյանների դեմ: Ուրիշ միջոցներ նա չուներ և չգործադրեց: Որքան էլ հրաշաբան և ջատագովան լինեն Գրիգորին նվիրված վկայաբանությունները, բայց նրանց մեջ մենք շատ քիչ ենք պատահում քրիստոնեական ճշմարիտ առաքելություն, այսինքն որ Գրիգորը խաղաղ քարոզչական գործունեությամբ մշակած լիներ հայերի սիրտը՝ նոր վարդապետությունն ընդունելու համար: Մեծ հեղափոխությունը մտնում էր հայոց աշխարհը վերևից դեպի ցած: Գրիգորը ահագին բազմությամբ հայ ժողովուրդ մկրտեց Արածանի գետում: Սրանով վերջանում էր քրիստոնեության պաշտոնական մուտքը Հայաստան:
Հեթանոսական մեհյանը, տեղի տալով քրիստոնեական եկեղեցուն, տալիս էր նրան և իր տիրապետության և ուժի գլխավոր հենարաններից մեկը-իր հարստությունները: Ոչնչացնելով հին աստվածների բնակարանները, Գրիգորը առանձին հեռատեսությամբ ժողովում էր նրանց գանձերը՝ ոսկի, արծաթ, զարդ ու գոհարեղեն և հատկացնում էր իր կառուցած եկեղեցիներին: Գրիգոր Լուսավորչի այս ամբողջ քաղաքականության մեջ խոսում էր այն ընդհանուր ուղղությունը, որ այդ ժամանակները մշակվում էր քրիստոնեության մեջ՝ նրա վարդապետությունը հեթանոսներին ընդունել տալու համար:

Ամենադժվար գործը, որ կանգնած էր հենց սկզբից քրիստոնեության առաջ, ժողովրդի դաստիարակությունն էր: Փավստոսը երկարորեն պատմում է, որ Լուսավորչից հետո էլ դեռ քրիստոնեությունը չէր հաստատվել հայ զանգվածների գիտակցության մեջ, և արտաքին քրիստոնեական շպարի տակ ապրում էր հին հեթանոսությունը: Փրկել նոր կրոնը կարելի էր ժողովուրդը դաստիարակելու միջոցով: Ժողովրդին ուսում տալ էր հարկավոր, իսկ դրա համար քրիստոնյա եկեղեցականությունը ուրիշ միջոցներ չէր կարողանում գտնել, բայց միայն օտար դպրոցներին՝ հունական և սիրիական, հանձնել այդ ժողովրդական մեծ գործը: Դպրոցները օտար ազդեցություններն էին ուժեղացնում երկրի մեջ: Հունական ազդեցությունն ուներ այն առավելությունը, որ պաշտոնական հաղթանակ տանողն էր և եկեղեցական ու քաղաքական բարձր իշխանություններն էլ նրան էին ենթարկված: Դա քրիստոնեացած հելլենականությունն էր,որ իր տիրապետության հին ճանապարհներն էր վերաբացում Հայաստանի մեջ:  Սիրիական ազդեցությունը հունականի արժանավոր ախոյանն էր, ունենալով ավելի ուժ հայոց երկրում, ավելի մոտիկ լինելով ժողովրդին անցյալ գործունեությամբ: Սիրիայի միսիոներները քարոզչական ընդունակության և եռանդի կողմից անգերազանցելի էին մնում Արևելքում:
Գլխավոր դերը պատկանում էր սիրիացիներին, որոնց լեզուն ու գրականությունը ավելի էին տարածվում հայ ժողովրդի մեջ: Այնպես, որ կարելի է ասել, թե քրիստոնեությունը ոչ միայն Լուսավորչի ժամանակ, այլև գրեթե ամբողջ IV դարում, չնայած հունական ազդեցության մեծամեծ ջանքերին, Հայաստանում մնում էր ավելի սիրիական, քան հունական:
Քրիստոնեությունը ներքին համաձայնություն և միապաղաղ համերաշխություն չէր բերում, այլ հակամարտ հոսանքների և շահերի խիստ զորեղ շփումներ, որոնք մեծ ծավալ պիտի ստանային և վճռական ազդեցություն պիտի գործեին նույնիսկ հայ պետության ճակատագրի վրա: Հունական, սիրիական, հայկական, հեթանոսական կուսակցությունների մրցության մեջ վճռական խոսքը, իհարկե, հայ ժողովրդին պիտի պատկաներ: Եվ այդ խոսքը արտասանվել սկսեց հենց Գրիգոր Լուսավորչի և Տրդատի օրերից:

Քրիստոնեությունը ի սկզբանե համարվում էր ստրուկների կրոն: Շատ քչերն էին դավանում քրիստոնեություն, իսկ նրանք, ովքեր այդչափ համարձակություն էին դրսևորում, պատժվում էին հակաքրիստոնյա իշխանների կողմից: Սակայն I-II դդ. այն բավականին տարածում էր գտել տարբեր երկրներում և դարձել էր կայուն կրոնական սիստեմ: Հայաստան քրիստոնեությունը մուտք գործեց Միջագետքից, տարածվեց Հայկական Տավրոսի շրջանում ու շարունակեց իր ուղին դեպի հյուսիս: Տրդատ Գ-ի թագավորման առաջին տարիներին նա ցանկանում էր բարեփոխումներ իրականացնել երկրի ներքին կյանքում, և դա ցանկանում էր կատարել պահպանելով ազգային հին կրոնը: Սակայն քրիստոնեությունը ավելի ուժեղ գտնվեց ու կարողացավ մեծ տարածում ու ճանաչում ստանալ Հայաստանում: Դրա մեծագույն քարոզիչներից էր Գրիգոր Լուսավորիչը, ով 301 թ. Կեսարիայում ձեռնադրվեց արքեպիսկոպոս և քրիստոնեացրեց թագավորական ընտանիքն ու հայ ժողովրդին:

 

Տիգրան Մեծը որպես դիվանագետ

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ–հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝

Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:

Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ–ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:

Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:

 

 

Հունահռոմեական պատերազմներ

  1. 1. Հին Հունաստանը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Ընդգրկած տարածքը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։

 

  1. 2.Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա մյուսը՝ Էպեյրոս։

 

  1. 3.Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքո վ), Արկադիան և այլն։

 

  1. 4.Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք։ Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը։